ՄՀէՐ ՄԿՐՏԻՉԵԱՆ
Ռազմիկ Թամրազեան "Անմոռաց հանդիպումներ"
Երևան: 2015թ․ «Էդիթ Պրինտ» հրատարակչություն
ՄՀէՐ ՄԿՐՏԻՉԵԱՆ
Հայրենի մեծերի հետ հանդիպումները միշտ էլ ինձ համար եղել են հոգու փառաւորման, հպարտանքի խթանման եւ ազգային ինքնութեան շեշտաւորման անմոռանալի պահեր։
Հայրենի տաղանդաւոր բեմադրիչ, կինօռեժիսոր Ալբերտ Մկրտիչեանի «Մեր մանկութեան տանգոն» Աւստրիայում շատ լաւ գնահատուեց եւ արձագանք գտաւ։ Կինօժապաւէնը Վիեննայում ցուցադրուելուց յետոյ, Աւստրիոյ ռադիօ-հեռուստատեսութեան խմբագիր, սիրուած խօսնակ, գերմանախօս երկրների արուեստի կաճառ «Ռայնհարդ սեմինար»–ի շրջանաւարտ դերասանուհի եւ հայ ժողովրդի լաւ բարեկամ, իր նուիրեալ ու անշահախնդիր գործունէութեան համար, ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան» մրցանակի արժանացած պրոֆեսոր Ռոզէ-Մարի Իզոփը ցանկութիւն յայտնեց երկրորդ անգամուայ համար Հայաստան այցելել եւ ըստ իր տարիների սովորութեան, որ՝ ամեն մի նոր տարին դիմաւորում է մի այլ երկրում, 1987 թուականը դիմաւորեց Հայաստանում։ Դեկտեմբեր 31֊ին Երեւան հասնելով օդանավակայանից «Անի» հիւրանոցի ճանապարհին Հանրապետութեան հրապարակի վրայ, տեսանք հսկայ եւ գեղեցիկ զարդարուած մի տօնածառ։ Փրոֆեսոր Ռոզէ-Մարի Իզոփը անմիջապէս որոշեց՝ Նոր տարին դիմաւորել հրապարակում, քանզի Վիեննայում սովորոյթ է՝ Նոր տարին դիմաւորել քաղաքամիջի Ս. Պետրոս եկեղեցու հրապարակում, ուր դեկտեմբեր 31-ի կէսգիշերին հաւաքւում են հարիւր հազարաւոր աւստրիացիներ եւ զբօսաշրջիկներ ու Շթրաուսեան վալսերի երաժշտութեան ուղեկցութեամբ դիմաւորում են Նոր տարուն։
Ինչպէս գիտենք՝ վերջին տարիներին նոյնը նաեւ կատարւում է Երեւանի Հանրապետութեան հրապարակում, սակայն 1987 թուականի «Նոր տարուն» հրապարակի վրայ՝ կէսգիշերին բարի գալուստ մաղթեցինք միայն վեց հոգով՝ տօնածառի պահապանն էլ մեզ հետ միասին հաշուած։
Այսքանը որպէս նախաբան։ Յունուար 1-ին իմ լաւ բարեկամ Ալբերտ Մկրտիչեանը եւ իր ազնուափայլ տիկինը մեզ հիւրընկալեցին իրենց հայկական, հիւրասէր ու տաք օջախում նախապէս խոստովանելով, որ վարուել են ոչ աւանդական օրէնքի եւ խնդրել են Ալբերտի աւագ եղբայր Մհեր Մկրտիչեանին, որ նա այցելի իրենց՝ քանի որ արտասահմանից հիւրերի են սպասում, մինչդեռ՝ ըստ հայկական կարգ ու կանոնի, Ալբերտը պիտի գնար մեծ եղբօր մօտ՝ նրան շնորհաւորելու։
Մհեր Մկրտիչեանը իր համաձայնութիւնն էր տուել այս «խախտում»–ին, եւ մենք բախտ ունեցանք վայելելու այդ մեծ արուեստագէտի ներկայութիւնը։ Փրոֆէսոր Իզոփը հայերէն ու ռուսերէն չը գիտի, իսկ Մհեր Մկրտիչեանը՝ գերմաներէն ու անգլերէն, հետեւաբար այս երկու արուեստագէտ-դերասանների խօսակցութիւնը սկզբում ընթանում էր հայերէնից գերմաներէն եւ գերմաներէնից-հայերէն թարգմանութեամբ, մինչեւ պրոֆեսոր Իզոփը յայտնեց, որ «Ռայնհարդ» սեմինարում ունէին նաեւ պարզ թուերով արտայայտուելու մարզումներ, որի ընթացքում ամեն մի դերասան իր մտքերը պիտի յայտներ միայն թուեր արտասանելով՝ իր ձայնին եւ դէմքին տալով համապատասխան շեշտաւորում։
Մհեր Մկրտիչեանին շատ դուր եկաւ այս ձեւը եւ յանկարծ սկսեց հայերէն թուեր արտասանել՝ չորս– վեց-ութ-երեք-եօթ, այս անգամ պրոֆեսոր Իզոփն էր թարգմանում՝ թէ ինչ է ասում Մհեր Մկրտիչեանը, որը հար ու նման էր Մհեր Մկրտիչեանի՝ մեզ համար հայերէնով յայտնած մտքերին, իսկ պրոֆեսոր Իզոփի արտասանած թուերի շարքը հայերէն թարգմանում էր Մհեր Մկրտիչեանը, որը նոյնպէս հար ու նման էր պրոֆեսոր Իզոփի մեզ համար գերմաներէն յայտնած մտքերին։
Անմոռանալի ու ջերմ երեկոյ էր, որտեղ աստուածային բարիքներով օժտուած տարբեր ազգերի պատկանող երկու տաղանդաւոր արուեստագէտներ հանդիպել էին իրարու եւ արուեստի լեզուով զրուցում էին միմյանց հետ, իսկ ես, բախտաւոր եւ ազգային հպարտանքով լցուած, վայելում էի այդ երանելի պահերը, որի համար մինչեւ օրս էլ երախտապարտ եմ իմ լաւ բարեկամներ տէր եւ տիկին Մկրտիչեաններին։
Ռազմիկ Թամրազեան
Երեւան / Վիեննա
Յունուար 1988