Սարո Գյոդակյան
Հուշի այս անմոռաց պատառիկը, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, մեր աշխատակից Սարո Գյոդակյանը գրի է առել 88-ի մարտի 14-ին, այսինքն` այն օրը. երբ մեր ժողովուրդը հավերժություն ճանապարհեց իր անվանի զավակներից մեկին՝ Հենրիկ Մալյանին: Այդ օրն անչափ տխուր էր Մհեր Մկրտչյանը։ Այդ տխրությունից Էլ ծնվել է երախտիքի այս գողտրիկ խոսքը:
Հենրիկ Մալյանի ծննդյան 70-ամյակի առթիվ տպագրելով այն, միաժամանակ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայոց այդ երկու երեւելիների լուսե հիշատակին։
Մալյանը հիվանդանոցում էր։ Նրան այցելելիս որոշեցի մտնել շուկա, խնձոր գնել. «Ժողովո՛ւրդ, հիվանդանոց եմ գնում, ինձ լա՛վ խնձոր տվեք: Քույրի՛կ, եղբայր, լավ խնձոր տվեք, հիվանդի համար է»։ Վերջապես գտա, վերցրի ու շտապեցի հիվանդանոց։ Աստիճաններով բարձրացա, տոպրակը պատռվեց, ու մի քանի խնձոր գլորվեց ներքեւ։ Լսեցի ծիծաղը. «Ախր, խնձոր շալակելը քո ի՜նչ խելքի բանն է»: «Հենրիկ ջան, որ իմանաս ինչ խնձոր եմ բերել, շուկան տակնուվրա եմ արել, ժողովրդին խաբել եմ, թե հիվանդի համար է։ Էնքան լավ խնձոր է, որ քեզ մոտ գալիս մտածում էի. «երանի գնամ, տեսնեմ դուրս է գրվել, գնացել է տուն։ Ի՛նչ լավ կլիներ, խնձորները կմնային մեզ՝ ինձ ու Շերենցին»։ Ծիծաղեցինք։ Վերցրեց մի խնձոր, մաքրեց, կտրեց ու առաջարկեց ինձ միասին ուտել։ Սկսեցինք ուտել. «Է՛հ, էս խնձորը համ չունի, ես Արտամետի խնձորն եմ ուզում»։ Ասաց ու նորից ժպտաց։ Հետո մի պահ երկուսս էլ իրար նայելով ուտում էինք ու ժպտում։ Չէինք խոսում, չգիտեմ, թե ինքը ինչ էր մտածում, բայց ես նայում էի ու հիշում, թե ինչպես ուսանողական տարիներից ամիսներով թափառում էի «Հայֆիլմ» կինոստուդիայի դռների մոտ՝ «բախտս փորձելու»: Ու թե ինչպես մի առավոտ դիմացս դուրս եկան մի խումբ կինոյի մարդիկ։ Նրանցից մեկը, մի շիկահեր երիտասարդ, մատով ցույց տալով ինձ, ասաց. «Այ, այս տղայի մասին էի ասում, սրան վերցնենք»։ Այդ մատով ցույց տվող շիկահերը Հենրիկ Մալյանն էր։ Այդպես եղավ սկիզբը մեր երեսուն տարիների, որը վերջացավ «Կտոր մը երկինքով» ու Հենրիկի…
Հենրիկ Մալյանը էլ չկա: Մեր մեջ եղած իմն ու քոնը բաժանվեցին։ Նույնը եղավ ինձ հետ թատրոնում, երբ իմացա, որ Վարդան Աճեմյանը չկա, չի լինելու։ Հիմա էլ կինոյում՝ Հենրիկը… Նա իր ֆիլմերով մերժում էր հենց մահը, դաժանությունը, անտարբերությունը, սուտը, կեղծիքը, խաբեությունը։ Այս բոլորի դեմ նա կռվում էր իր առաքինությամբ, բարությամբ, մեծ սիրով դեպի մարդը, դեպի բնությունը, դեպի ազգերը, դեպի իր ազգը։ Հենրիկի ֆիլմում նկարահանվելու շրջանում մի պահ կար, որ ամենածանրն էր: Դա նկարահանումներից հետո ձայնագրման վերջին պահն էր, երբ պիտի բաժանվեինք։ Եվ բաժանվում էինք, ինչպես երկունքից հետո, սպասելու համար ստեղծագործական նոր կուտակումների ու նոր հանդիպման։
Հենրիկ Մալյանը նման էր իր ֆիլմերին, իսկ իր ֆիլմերը՝ մեզ՝ մեր ժողովրդին… Մենք ենք, մեր սարերը, մենք ենք, մեր դարերը, Սասնա պարերը, մենք ենք, մեր մարդիկ, մենք ենք, մեր ջրերը, մենք ենք, մեր քարերը, մենք ենք, մեր հողերը, մենք ենք, մեր որդիք։ Նրա զրույցը Արտամետի խնձորի ծառի մասին էր… Ժամանակ կանցնի, կգան սերունդներ ու այդ ծառի տակ թիկնած, կզրուցեն նրա մասին…
http://www.aravot.am/1995/10/31/607528/
Ֆրունզիկի և Դոնարայի կարճատև սիրո պատմությունը.
Նայելով հաջողակ և հայտնի մարդկանց լուսանկարներին՝ տպավորություն է ստեղծվում, որ նրանց շրջանցում են բոլոր ցավերն ու դառնությունները: Բայց իրականում այդպես չէ: «Աստղային» ընտանիքներում նույնպես ողբերգություններ են լինում: Սակայն միշտ չէ, որ այդ մասին իմանում են երկրպագուները: Չէ՞ որ էկրաններին սիրելի դերասանները նույն սրամիտ կատակներն են անում: Այս ամենը լիարժեք կերպով արտացոլում է Ֆրունզիկ Մկրտչյանի ընտանիքի կյանքը, որին ճակատագիրը դժվար փորձություններ էր բաժին հանել, գրում է kulturologia.ru պորտալը:
Ֆրունզիկ Մկրտչյան
Այս դերասանին ներկայացնելու կարիք չկար. ԽՍՀՄ-ում նրան ճանաչում էին բոլորը: Իսկ հայրենիքում՝ Հայաստանում, նա մինչ այժմ ազգային հերոս է, նրա նկարները կարելի է տեսնել Երևանի փողոցներում: Դերասանի ամբողջական անունը՝ Ֆրունզե Մուշեղի Մկրտչյան: Բայց հայրենիքում նրան ավելի շատ անվանում էին Մհեր, ինչը թարգմանաբար նշանակում է «լուսավոր»:
Մհեր-Ֆրունզեն ծնվել է Հայաստանի ԽՍՀ Լենինական քաղաքում 1930թ. հուլիսի 4-ին: Այժմ այդ քաղաքը կոչվում է Գյումրի: Ֆրունզեի ծնողները Թուրքիայում Հայոց Ցեղասպանությունից փրկված գաղթականներ էին: Նրանց՝ միայնակ 5 տարեկան երեխաներին, գտել էին ճանապարհին և ուղարկել մանկատուն:
Եղբոր հիշողություններում Ֆրունզիկն իսկապես հենց մանկությունից շատ բարի և լուսավոր մարդ էր: Նա նիհար էր, մեծ քթով, տարօրինակ, և բոլորը նրան ծաղրում էին: Բայց շուտով պարզվեց, որ այդ մեծ քթով և թախծոտ աչքերով տղային բնությունն օժտել է հսկայական տաղանդով: Դերասանական տաղանդը նրա մոտ դրսևորվել է մանկությունից: 10 տարեկանից տղան ներկայացումներ էր կազմակերպում տեղի երեխաների համար:
Ֆրունզիկ Մկրտչյանը վաղ հասակում թողել է դպրոցը և փորձել տարբեր մասնագիտություններ: Բայց դերասանի մասնագիտության մասին երբեք չի մոռացել: Սկզբում նա խաղում էր տեքստիլ կոմբինատի թատերական խմբակում, հետո գնաց սովորելու Լենինականի դրամատիկական թատրոնի ստուդիայում: Իսկ 1947թ. ներառվեց դրա թատերախմբում:
Ֆրունզիկը սկզբում հայտնի դարձավ հայրենի Հայաստանում՝ նկարահանվելով ֆիլմերում և խաղալով թատրոնում: Իսկ հետո «Կովկասի գերուհի» ֆիլմում նկարհանվելուց հետո նրա փառքը տարածվեց ամենուր: Մկրտչյանին պաշտում էր ոչ միայն հանդիսատեսը, այլև գործընկերներ, ինչը հաճախ հանդիպող երևույթ չէ: Մայրն էլ նրան մյուս երեխաներից ավելի շատ էր սիրում, ինչը հաճախ նեղացնում էր նրանց: Իսկ ահա անձնական կյանքում դերասանը երջանիկ չէր: Առաջին անգամ նա ամուսնացավ է իր համակուրսեցու՝ Քնարի հետ: Բայց ամուսնությունը երկար չտևեց, և մեկ տարի անց նրանք ամուսնալուծվեցին:
Դոնարա Փիլոսյան
Երկրորդ անգամ Ֆրունզիկն ամուսնացավ երիտասարդ դերասանուհի Դոնարա Փիլիոսյանի հետ: Երբ նրանք ծանոթացան, Ֆրունզիկն արդեն մոտ 30 տարեկան էր, իսկ նա՝ 18: Երիտասարդ գեղեցկուհուն գրավեց հայտնի դերասանի հմայքը:
Եթե կինոյի այսօրվա երկրպագուներին հարցնենք՝ ով է Դոնարա Փիլոսյանը, հազիվ թե որևէ մեկը, բացի հայերից, պատասխանի այդ հարցին: Բայց նրան տեսել են և գիտեն բոլորը: Նա Գայդայի պաշտամունքային «Կովկասի գերուհին» ֆիլմում մարմանվորել է ընկեր Սաախովի անձնական վարորդ ընկեր Ջաբրաիլովի կնոջը: Իսկ 1977թ. ամուսնու հետ նա նկարահանվել է «Բաղդասարը բաժանվում է կնոջից» կատակերգությունում:
Դոնարան Հայաստանում հայտնի թատերական դերասանուհի էր: Ֆիլմերում նա հազվադեպ էր նկարահանվում, և Հայաստանի սահմաններից դուրս էլ շատ հայտնի չէ:
Իսկ Ֆրունզիկին մեծ ժողովրդականություն էին բերում հենց ֆիլմերում դերերը: Նա կնոջ հետ տեղափոխվում է Երևան, մեքենա գնում: Սկզբում ծնվում է նրանց դուստրը՝ Նունեն, հետո որդին՝ Վազգենը: Ֆրունզիկը պաշտում էր իր երեխաներին, շատ էր սիրում նրանց խաղալիքներ նվիրել, և ինքն էլ այդ խաղալիքներով խաղում էր նրանց հետ: Իհարկե, ամենաշատը նա սիրում էր դրանք մասերի բաժանել՝ հասկանալու համար՝ ինչպես են աշխատում: Դրանից հետո ոչ միայն նա, այլև ոչ մի վարպետ արդեն չէր կարող հավաքել մասերի բաժանված խաղալիքները: Ընտանեկան դրամա
Թվում էր՝ ամեն ինչ լավ է ընթանում: Բայց Դոնարայի բնավորությունն անբացատրելի կերպով սկսեց փչանալ: Նա չէր ցանկանում թողնել դերասանական կարիերան և երեխայի հետ մնալ տանը: Սկզբում Ֆրունզիկը ենթադրում էր, որ նա նախանձում է իր դերասանական կարիերային և հույս ուներ, որ երկրորդ երեխայի ծնունդից հետո ամեն ինչ կհարթվի: Բայց ժամանակի հետ իրավիճակը միայն բարդացավ:
Ասում են, որ ընկերները հենց սկզբից փորձում էին Ֆրունզիկին հետ պահել ամուսնությունից՝ դա պատճառաբանելով Դոնարայի բռնկվող և անկանխատեսելի բնավորությամբ: Հնարավոր է՝ դա նկարելի էր դեռ երիտասարդ տարիներին: Այժմ արդեն կինը ամուսնու սարսափելի տեսարաններ էր սարքում ամուսնու գլխին, խանդում նրան առանց առիթի: Դերասանի կյանքը վերածվել էր դժոխքի:
Ընկերների խորհրդով՝ Ֆրունզիկը կնոջը տարավ մասնագետների մոտ: Եզրակացությունը սփոփիչ չէր. ոչ թե բնավորությունն էր, այլ լուրջ հոգեբանական հիվանդություն: Ընդ որում՝ անբուժելի: Ընտանիքում եղած խնդիրների պատճառով 70-ականներին Ֆրունզիկը հրաժարվում էր բազմաթիվ հիանալի դերերից և սկսեց չարաշահել ալկոհոլը:
Բանը հասավ նրան, որ ալկոհոլի չարաշահման պատճառով գործնականում տապալում էր նկարահանումները: Երեխաների հետ էլ ամեն ինչ հարթ չէր: Ամուսնությունից հետո դուստրը՝ Նունեն, ամուսնու հետ տեղափոխվեց Արգենտինա: Ընդմիշտ: Ասում էին, որ նա մահացել է ավտովթարի հետևանքով, և դա հավելյալ վիշտ էր Ֆրունզիկ Մկրտչյանի առանց այն էլ դժվար կյանքին:
Բայց դա այդպես չէ. Նունեն չէր մահացել. նա հորից 5 տարի երկար է ապրել: Նման խոսակցությունների պատճառ էր դարձել Ֆրունզիկի այն արտահայտությունը, որ դուստրն այլևս չկա: Բոլորը կարծել էին, որ նա մահացել է, և այլևս հարցուփորձ չէին արել: Հավանաբար, Ֆրունզիկը նկատի ուներ, որ իր հետ դուստրը գործնականում չի շփվում:
Դերասանը բոլոր ձևերով փորձում էր բուժել սիրելի կնոջը՝ սկզբում Հայաստանում, հետո տեղափոխեց Ֆրանսիայի հոգեբուժարան: Բայց ամեն ինչ ապարդյուն էր: Վերջին անգամ Դոնարան բեմ դուրս եկավ 1982թ: Հետո նա հավերժ փակվեց հոգեբուժարանում:
Վերջին տարիները
Ֆրունզիկի որդու մոտ նկատվում էին նույն հիվանդության ախտանշանները, ինչ մոր մոտ: Նրան նույնպես տեղափոխեցին հիվանդանոց, փորձեցին բուժել: Ու դարձյալ առանց նկատելի հաջողության:
Ֆրունզիկ Մկրտչյանն ամուսնացավ երրորդ անգամ, բայց ամուսնությունը երկար չտևեց, և երրորդ կնոջից նա բաժանվեց: Կյանքը վերջին նա բոլորովին մենակ էր՝ չնայած երկրպագուների մեծ բանակին:
Ֆրունզիկ Մկրտչյանն այդ ժամանակ ֆիլմերում գրեթե չէր նկարահանվում. ասում էր, որ իր տարիքում դա այլևս իմաստ չունի: Հիմնականում նա զբաղվում էր սեփական թատրոնով և բացարձակապես չէր հետևում առողջությանը: 1993թ. դեկտեմբերի 29-ին Ֆրունզիկ Մկրտչյանը մահացավ սրտի կաթվածից, քնի մեջ: Սիրելի դերասանին հուղարկավորեցին դեկտեմբերի 31-ին Երևանում: Հարազատները կարծում են, որ նա այդպես էլ չկարողացավ ապրել այն վշտից հետ, որ նրան պատճառել էր կնոջ և որդու հիվանդությունը:
Դոնարա Մկրտչյանն այդպես էլ դուրս չեկավ հոգեբուժարանից: Մտքի պայծառության պահերին նա զարմանում էր՝ ինչու են իրեն փակել այդ սարսափելի հպատակության մեջ և թույլ չեն տալիս գնալ տուն՝ ամուսնու և երեխաների մոտ: Երբեմն, նա կրկնում էր իր դերերից հատվածներ և անգամ հիվանդանոցում կազմակերպում էր դրամատիկական խմբակներ: Դոնարա Նիկոլաևնան մահացավ 2011թ. Հայաստանի Սևան քաղաքում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Հունվար 10,2018
https://www.aravot.am/2018/01/10/930472/