Интервью с Рубеном Гаспаряном (Хурбан)

Ղուրբան. «Գյումրին ինձ համար սրբավայր է»

Рубен Гаспарян (Хурбан - Ղուրբան )- Ղուրբան բառը ժողվրդից է եկել: Մարդկանց էնքան բարի գործեր եմ արել, ասացին ինչ ղուրբան տղա է ու էդպես անունս մնաց Ղուրբան, - ժողովրդի մեջ ընդունված ու բոլորին ճանաչելի իր անվան բացատրությունն է մեկնաբանում գյումրեցի Ռուբեն Գասպարյանը, ով հայտնի է ոչ միայն գյումրեցուն բնորոշ՝  կոլորիտային իր անունով, այլ մի շարք մասնագիտություններում եւս հայտնի լինելու իրողությամբ՝  խաշի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ , վաստակավոր թամադա, սպորտի վարպետ սուսերամարտի գծով, ֆուտբոլի առաջին կարգի մրցավար, գեղանկարիչ, պարուսույց, կինոդերասան, Լոս Անջելեսից տարիներ առաջ  Գյումրիում հեռարձակվող ՙՈւրախ Գյումրի՚ հեռուստածրագրի տնօրեն:
- Գյումրեցիները այսօր հեռու են հումորից, բայց բոլոր տեսակի հումորներով  առաջին կարգում են եղել: Մեր գյումրեցիք բդի իրար գան, շարժվեն եւ կարողանան իրենց հումորները շատացնեն, դառնան առաջվանը,-մտահոգվում է նա: -Ասում են՝ հեռու մնա այն մարդուց, ով հումորից ու անեկտոդից հեռու է: Եթե դու օրդ առանց հումորի անցկացրիր, համարի  քեզ համար կորած օր :
Հայրենիքի հետ, բայց հայրենիքից դուրս իր մեջ փոքրիկ Գյումրի ստեղծած ու Գյումրին բոլորին ճանաչելի դարձնելու ցանկությամբ Ռուբեն Գասպարյանը երկար տարիներ  ժողովրդից հավաքելու ու ժողովրդին է վերադարձնել ծագումով գյումրեցիներին ու գյումրեցուց ծնված հումորը, դրանք ամբողջացել ու համատեղվել իր հեղինակած 5 գրքերում: Նախ Պոլոզ Մուկուչ, ապա «Ծագումով Գյումրեցիներ» 2 գրքով, «Մհեր Մկրտչյանի» կյանքն ու կենսագրությունը: Հաջորդ ու ամենավերջին նորությունը «Երկարակեցության գաղտնիքն» է, որում հեղինակը բացահայտումներ է կատարում երկարակեցության մասին.
- Հումորնեն ու անեկտոդները հենց երկարակեցության գաղտնիքն են: Դրանք Պոլոզ Մուկուչի, ընկեր Մարգոյի ու Վարդանիկի, կիրովականցի Ռուբենի, գյումրեցի Սրոյի, Ձղեր Խաչիկ , Կուժիկի մասին հումորներն են, ինչպես նաեւ էսօրվա ամենաքաղցր ու սիրված անեկտոդները՝ ապարանցիների մասին: Ընդհանուր թվով մոտ 400 անեկտոդներ:Դրանք մեր գյումրու այն հումորներն էին, որ առաջ ամբողջ Հայաստանով մեկ ողողված էր:
Խոսելով Միացյան Նահանգներում իր ծավալած գործունության մասին՝ Ռուբեն Գասպարյանը խոստովանում է, որ սկզբում դժվար է եղել, բայց հիմա այնպես է այդ ամենի մեջ խորացել, որ շատ հանգիստ ամեն ինչ անում է.«Ես հավաքագրում եմ, կազմում, կինս՝ էլմիրա Գասպարյանը խմբագրում է»,- պատմում է նա:
Դեռ 45 տարի առաջ՝ 20 տարեկանում, Ռուբեն Գասպարյանը Գյումրուց բնակության է տեղափոխվել Երեւան: Ու այս տարիներից ավելի է ամրապնդվել մտերմությունը մեծանուն գյումրեցու՝ Մհեր Մկրտչյանի հետ:
Рубен Гаспарян (Хурбан - Ղուրբան ) и Фрунзик Мкртчян- Ես ապրում էի Կոմիտաս 46 շենքում, ինքը՝ Կոմիտաս 48 շենքում, ես էլ էի կիոդերասան, ինքն՝ էլ: Շատ ֆիլմերում եմ նկարայանվել, բայց Ֆրունզի հետ մի ֆիլումում ենք միասին եղել՝ «Հրդեհը»: Մյուս ֆիլմերում թեեւ իրար հետ չենք խաղացել, բայց նկարահանումների ժամանակ միշտ Ֆրունզի կողքին եմ եղել:
Գասպարյանի բոլոր գրքերն ունեն մեկ ընդհանրություն՝ դրանցում անպայմանորեն ՙներկա է՚ միշտ ու ամենուր գյումրեցուն հիշեցնող մեծանուն դերասանը՝ իր առօրեական հումորներով, կյանքի դրվագների հիշողություններով  ու նկարներով:
- Յուրի Վարդանյանը գնում էր Կանադա՝ «շտանգի» մրցումների, Ֆրունզն ասում էր՝ «Յուրիկ ջան, ուր կերթաս», Յուրիկն էլ թե՝ Կանադա: Մկրտչյանը պատասխանում էր՝ «Գնա, գնա, կսեն՝ Կանադայի շտանգեքը լավ թեթեւ են»: Կամ ֆուտբոլիստ Պապիկյան Պապիկը հանդիպում  է Ֆրունզին ու ասում. «Ֆրունզ ջան, չգնա՞նք գիշերը  քիչըմ սիրուննանք (սիրունննաք, այսինքն՝ գնանք խմելու): Ֆրունզն ասում է ՝ «Պապիկ ջան, ես ինչքան պիտի խմեմ, որ քիչըմ սիրուննամ»,- մտերիմ ընկերոջ հայտնի  հումորներն է հիշում զրուցակիցս ու հարցից հետո, թե ինչպես է ստացվել, որ իր բոլոր 5 գրքերում Ֆրունզի ներկայությունը՝ անեկտոդների, հուշերի ու լուսանկարներ տեսքով միշտ կա, բացատրում է.

- Առավոտից իրիկուն միասին ենք եղել, մեր կյանքը իրար հետ է կապված եղել, մենք շատ մտերիմ էինք ու իմ գրքերում Ֆրունզը միշտ պիտի լինի:
Հարազատ քաղաքի պատկերները, հայտնի գյումրեցիներին, բանահյուսական ժանրի՝ գյումրիական առանձնահատկությունները գրքերով սերունդներին  փոխանցելը չէ միայն Ռուբեն Գասպարյանի ցանկությունը: Երկու նոր բարբառային տառի ստեղծումը եւս նրա մտահղացումն էր:
- «Հըբը»,«ուրդեղ»ու այս տեսակ բառերը միշտ սխալ ենք գրել ու սխալ արտաբերերել: Մեր հայկական տառատեսակից չհեռանալով՝ էս տեսակ հնչյունների համար 2 տառ եմ ստեղծել՝ Հ-ն մեջտեղը գիծ, ու օ-ն՝ վերեւից 2 զուգահեռ գծով, որ մարդու ձայնն է նշանակում,- թղթի վրա գծագրելով՝ բացատրում է զրուցակիցս:
45 տարի Գյումրից ու 25 տարի հանրապետությունից բացակայությունը նա լրացնում է ամենամյա այցելությաններով: Լոս-Անջելեսում բնակվող ուրախ  գյումրեցին, սակայն,  քաղաքի մասին խոսելիս մռայլվում է, մտահոգվում ու դժվարությամբ արտաբերում.«Քաղաքում սոսկալի վիճակ է: 35 տարի առաջ Գյումրին ավելի լավն էր, քան հիմա: Ես էսքան եկել-գնացել էր, բայց էսպես չեի տեսել (նա խոսում էր անօթեւանների թաղամասեր կատարած այցելությունից անմիջապես հետո): Որ գնացի անօթեւանների թաղամասերը, տեսա էդ մարդկանց, իրենց ապրելակերպը, տնակները,  ինձ շատ վատ էի զգում: Փոփոխությունները մենակ հրապարակով չէ կամ մի երկու արձան կանգնեցնելով»:
Հետո մռայլը տեղի է տալիս, ու քաղաք դարձյալ արժեւորելով՝ գյումրեցի Ղուրբանը եզրափակում է.
- Գյումրին ինձ համար սրբավայր է: Ծնողներս, հարազատ-բարեկամներս այստեղ են թաղված: Ո՞նց կարող եմ ես այստեղից հեռանալ, անհնարին բան է…

Аспарез AsparezՄարինե Պետրոսյան

25 Մայիս, 2012 20:05
http://www.asparez.am/news-hy/gyumrin_inc_hamarr_srbavajre-hy/

Печать