ՎԻՎԱՏ, ԱՐՏԻՍՏ

Մհեր ՄկրտչյանՄարտի 27-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնի 80-րդ հոբելյանական թատերաշրջանի բացումը նշանավորվեց մեծանուն արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյով:
Բացվեց վարագույրը, և իրար հաջորդեցին պահի մեջ քարացած կերպարներ, հերոսներ, իսկ նրանց մեջ Արտիստն է՝ Եզովպոս ու Ղազար, Պաղտասար ու Զամբախով... ու երբ վերևից իջավ մեզ այնքան ծանոթ ու սիրելի, այնքան հարազատ ժպտացող Մհերի լուսանկարը՝ դահլիճը թնդաց ծափահարություններից, ինչպես միշտ է ծափահարել, երբ բեմում հայտնվել է նա՝ ամենատխուր մարդն ու ամենաբարի կատակերգուն, համաժոդովրդական սեր վայելող Ֆրունզիկ Մկրտչյանը:
ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը, ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Սերգեյ Իսրայելյանը և, իհարկե, Արտիստի խաղընկերները' Վարդուհի Վարդերեսյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Լոռենց Առուշանյանը, ժենյա Ավետիսյանը, Յուրի Ամիրյանը, Սամվել Սարգսյանը խոսեցին նրա մասին, և ամեն մեկի խոսքը՝ ուղղված ժպտացող Մհերին, արձագանքվում էր դահլիճում: Ե'վ վաղաժամ կորստյան ցավը, ե'վ նրա տաղանդի նկատմամբ տածած անափ հիացմունքը համակել էր բոլորին: Եվ ցավը, և հիացմունքը բոլորինն էին հավասարաչափ: Եվ այդ զգացողության լավագույն բեմական արտահայտությունն էր գտել թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Իջավ վարագույրը, դահլիճը դատարկվեց, իսկ Մհերի ժպիտը դուրս հորդաց, մեկ անգամ ևս անցավ իրեն այնքան սիրելի քաղաքի փողոցներով ու հանդիսատեսներից ամեն մեկի հետ մտավ տները՝ նորից ու նորից մի քիչ բարություն ու թեկուզ մի քիչ տխրությամբ համեմված ժպիտ բաժանելով մարդկանց:

grakan-tert-logo«Գրական Թերթ»
29.03.2010

Печать

ԻՄ ՈՐՈՆԱԾ ԱՐՏԻՍՏԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԵս շատ երկար որոնեցի է՜ն ուրիշ Ֆրունզիկին: Որոնեցի ընկերների հետ ունեցած նրա զրույցներում, նկարիչների տան հարևանությամբ գործող սրճարանում, ուր սիրում էր այցելել մանավանդ հյուրախաղերից վերադառնալուց հետո: Որոնեցի բուհերում, մշակույթի սրահներում իր արվեստի երկրպագուների հետ հանդիպումներից մնացած ձայնագրություններում... Եվ այս փնտրտուքի մեջ ծնվեց Արտիստի հետ իմ վիրտուալ զրույցը:

ԵՍ_ Հովհաննես Թումանյանն է ժամանակին վկայել, թե` «Ամեն մի ժողովուրդ` հանձին հոբելյարի, գալիս է հարգելու, պսակելու ինքը իրեն»: Թումանյանի վերաբերմունքի հանգույն, սիրելի Արտիստ, հուլիս 4-ին քո արվեստի երկրպագուներով հավաքվեցինք ընդարձակ կինոսրահում՝ քո ներկայությամբ տոնելու ծննդյանդ 85-ամյակը: Դու մեզ հետ զրուցում էիր էկրանից, մեզ ներկայանում քո իմաստասիրական խոհերով, որոնց մինչ այդ մենք ծանոթ չէինք, որոնք չէինք կարող տեսնել ու լսել մշտահմա պահանջված քո կերպավորած ֆիլմերում, մեր կարոտի՛ ֆիլմերում:
Վաստակի ծիրանին ուսած` դու մեզ ողջունեցիր Երկնային թագավորության հեռուներից, ուր հայտնվեցիր ճակատագրիդ հարվածներին չդիմանալով` մի քիչ խռով, մի քիչ զարմացած, որ ընամենը 63 տարի վայելեցիր այս արևի լույսը: Դրանք ճակատագրով քեզ բաժին հասածի ա՛յն մասն էին, որ դու երբևէ չբարձրաձայնեցիր, կրեցիր որպես քո բաժին խաչ: Դրանք դու քո մեջ պահեցիր ու մնացած ամեն-ամեն ինչը բաշխեցիր մեզ` «Վայելեք»: Եվ մենք շարունակում ենք վայելել քո ներկայությունը՝ այդպես էլ անհաղորդ մնալով խաչուսյալիդ տառապանքներին: 
Ի՜նչ հաճություն` լսել, գրառել ու վերստին ընթերցել քո կենդանի խոսքը: Դու այդ ի՜նչ սիրով, գորովանքով պատմում-ներկայացնում ես Պաղտասարի, քո՛ Պաղտասարի ծածուկ հեծեծոցը, ընդվզել անկարող հացթուխի` տանից օտարվող ջերմությունը փաղաքշանքով հետ բերելու ջանքերը: Սրանք քո կյանքի մասն էին, ու դու, կարծես թե, չէիր խաղում. դու բացահայտում էիր մարդուն բաժին հասած ողբերգությունները:
ՆԱ_ Դասական կերպարների նման Պաղտասարը լիարժեք կերպար է, խորանալու շատ տեղ ունի. գեղարվեստական հազվագյուտ արժեք է: Պաղտասարը բարի է և միամիտ, շատ հեշտ է նրան փորփրելը: Այդ մարդը համաշխարհային տիպար է, որովհետև խաբվելը եւ անարդարությանը զոհ գնալը կյանքի զանազան կացություններում ամենքի գլխին էլ կարող են գալ: Իր գիտակցությամբ կամ նույնիսկ անգիտակցությամբ մարդ էակն իր կյանքի մեջ հաճախ Պաղտասար է:
ԵՍ_ Դերի պատրաստման քո՛ կերպը: Օ՜, դա մի ամբողջ դասագիրք է՝ արվեստի ճանապարհ դուրս եկող, այդ ճանապարհով անցնող յուրաքանչյուրի համար: Դա մի պատմություն է, որ թատերա և կինոգետները որպես բանալի պիտի օգտագործեն, թե իրեն հարգող դերասանն ինչպես է իր հետ կռիվ տալիս (քո բառերն են), ինչպես է իրեն քրքրում, որ դերն իրենով զարդարի ու ինքը զարդարվի դերով: Դերը պատրաստելու քո այդ կերպը համարձակվենք զուգահեռել Մեծն Փափազյանի խոհերի հետ. «...Իմ մեջ սկսվում է իմ կրկնակի էության ձուլումը: Հավաքում եմ իմ երիվարի սանձերը, նրա կողերին զգացնել եմ տալիս իմ խթանները, թեթև թափահարում նրա վիզը և սկսում եմ դիմագրավել այն հազարգլխանի հրեշը,- թող ների ինձ իմ ընթերցողը,- որ կոչվում է հանդիսատես»: 
ՆԱ_ Դերը պետք է դերասանի երակներում տրփա՛ արյան հետ, տրփա՜ ու եփվի, ինչպես նոր դրած գինին: Հետո պետք է հանդարտվի՜, զուլալվի՜ և նոր միայն խաղացվի... Մինչև տեքստը չլինի իմ բերանի խոսքը, ի՛մ բերանի խոսքը, ես չեմ շտապի դրանով զարդարել իմ ներկայացնելիք կերպարը: Իսկ երբ արդեն քո խոսքը դարձավ, մնում է, որ դու այն դնես չափավորության մեջ: Երբ չափավորությունը զգում ես, ավելորդ խոսքն ինքն իրեն դուրս է գալիս:
Ապացուցված է` ինքնուրույն գնալու համար նախ պետք է ճանաչես ինքդ քեզ: Հնարավորություն ունենաս անընդհատ քեզ նայել, մաքրել, մաքրել, մաքրել… եթե մի դիրքդ գեղեցիկ չի, ոչ թե թաքցնես, այլ գեղեցկացնես: Այս բոլորին էլ պլյուս` ճիշտ վերապրելը: Ճիշտ վերապրեցիր` քեզ մղում է գործողության: Ինքնաճանաչողության էս պրոցեսն է քեզ բերում կատարելության: 
ԵՍ_ Քո կերպարները բոլորն էլ հայ մարդուն բնորոշ ճակատագիր ունեն, նրանք սրամիտ են, աշխատասեր, թախծոտ են ու երազող: Դու քո կերպարներին ազգային դեմք ու դիմագիծ էիր հաղորդում: Դու միշտ վկայում էիր, որ այդ գործում շատ մեծ է եղել Հենրիկ Մալյանի դերը, ով ուներ էկրանի ճշմարիտ զգացողություն: 
ՆԱ_ Ես ուրախ եմ, նաև հպարտ, որ ռեժիսորներն ինձ կանչում են որպես ազգային հետաքրքիր տեսակ, ազգային հետաքրքիր խարակտեր, ջերմ խարակտեր, որը ես անընդհատ ուզում եմ կատարելագործել ու խորացնել: Ինձ համար չափազանց կարևոր է իմ ազգային կերպարը: Իմ ազգային կերպարը կամաց-կամաց կազմավորվել, դարձել է իսկական իմ մեծ ձգտումը, լուրջ ձգտումը: Իմ ինտուիցիան թելադրում էր խաղալ հա-յե-րեն: Եվ դա նպաստում էր, որ օտար կինոստուդիաները կամաց-կամաց նկատեն է՛ս տեսակը` ազգայի՛ն խարակտերը, մարդ, որի վրա ուրիշից ոչինչ չկա: Շատ դժվար է պահել մարդու էս տեսակը: Որքան ազգային ես մնում, նույնքան պահանջված ես: Նման չլինես ոչ մեկին, իսկ որ ոչ մեկին նման չես, դու արդեն հետաքրքիր ես: 
ԵՍ_ Որտե՞ղ էր թաքնված քո միշտ պահանջված արտիստ լինելու գաղտնիքը: 
ՆԱ_ Գաղտնիք չկա, պարզապես մի ճանապարհ կա, որով ես առաջնորդվում եմ: Դա դերի պատրաստման առաջին շրջանի իմ բանալին է: Կռիվ, ահավոր, կռիվ է գնում իմ մեջ` հակառակվելու: Հակառակվելն էն միջոցն է, որ սկսում է երևակայությունդ աշխատեցնել: Հետո արդեն անցնում եմ ինձ հետ կռիվ տալուն` կարո՞ղ եմ, թե չէ: Հետո ռեժիսորի հետ է գնում կռիվը` «Էս կտորն էսպես արա»: «Չէ՜, չէ՜, չէ՜»: Բայց հետո ընդունում են` էս դերը ինձ համար գրված չի եղել, հետո են ինձ գտել ու համաձայնում են իմ ասածներին: Էդպիսին է Դանելիան, էդպիսին է Հենրիկը: Ինձ հետ կռվից հետո հլը չեմ խաղացել, է՜, էպիզոդ չկա, որ չսիրեմ, որովհետև կռվել եմ, ու հոգուս մոտ է կերպարը: Առանց ծայրից ծայր սիրելու հնարավոր չէ խաղալ: Որ սիրելով սպասեմ` վա՜յ, էս կտորս է, հիմա էս կտորս է: Այսինքն՝ քո հնարավորությունները լրիվ դրսևորում ես` սիրելով: Իմ ուզածի պես է. երեխայիս հագցրել եմ իմ ճաշակով, իմ ուզածով, արդեն ես կարող եմ նրան դուրս տանել, արդեն ցույց տալ: Երբ որ անցնում եմ արդեն ստեղծագործելուն, այսինքն՝ խաղալուն և ընտելացել եմ միջավայրին, սկսվում է սիրո բացատրությունը. դերի հետ սեր եմ բացատրվում: Սիրտս խտուտ է գալիս էդ րոպեին, ինչի՞, որովհետև կերպարից մի սիրուն ջերմություն է գալիս: Արվեստը սիրով է ծնվում: 
ԵՍ_ Քո այս բծախնդիր, մանրակրկիտ աշխատանքի մասին ո՞վ գիտեր: Ոչ ոք: Եվ ի՞նչ կարիք կար, որ իմանային` դու դասախոս չէիր, որ ուսանողներին ուսանեիր: Դու դերասան էիր` մեծ, շատ մեծ պատասխանատվություն կրող, հանդիսատեսին գնահատող: Քո այդ աշխատանքը` իր արդյունքով, նկատում, գնահատում էր Վարդան Աճեմյանը և ավելի դիպուկ ու բնորոշ բնութագրում հենց նա կարող էր տալ. «Ֆրունզիկը նման է քաղցած կատվի, որի առաջը դնում են մեծ ամանով շատ համեղ կերակուր, և նա սկսում է զգուշությա՜մբ պտտվել էս ափսեի շուրջը: Հետո կամա՜ց լեզուն մոտեցնում է, հետո փչում է, ամեն ինչ անում է երկա՜ր ժամանակ, որ բերանը չվառի: Հետո, երբ արդեն ինքն է պատրաստ ուտելու, սկսում է ուտել, ուտել, ուտել և լրիվ սրբում է ամանը»: 
ՆԱ_ Վարդան Աճեմյանն իմ անկրկնելի ուսուցիչն էր: Այդ ե՛ս գիտեմ, թե նա երիտասարդ դերասանների հետ ինչպես էր աշխատում: 
ԵՍ_ Տարիներ անց, երբ բեմում ու կինոյում դու արդեն ճանաչված դերասան էիր և զարմացնում ու հիացնում էիր գրագետ, հնարքներով լեցուն քո խաղով, առիթ եղավ Պաղտասար խաղալու: Վախճանվել էր Հրաչյա Ներսիսյանը, եւ Վարդան Աճեմյանն այդ դժվարին, հիանալի դերը քեզ վստահեց: Աճեմյանի վստահությունը ոգևորել էր քեզ, դու դարձել էիր համարձակ, բայց ինչ-որ տեղ «Հրաչյայի՜ց հետո»-ն քեզ կարծես թե փոքր-ինչ կաշկանդում էր: Եվ սակայն համարձակվեցիր բեմ հանել արդեն քո՛ Պաղտասարին: 
ՆԱ_ Հրաչյայի և իմ Պաղտասարի միջև մի տարբերություն կա. նա Հրաչյա Ներսիսյան է, ես` Մհեր Մկրտչան: Հրաչյան առաջինն էր, ով Պաղտասարը մեկնաբանեց ողբերգական, նուրբ հասկացողությամբ: Իմ մեկնաբանությունը, բնականաբար, մի քիչ տարբերվում է նրանից. հարկ էր տիպարը դուրս բերել իր տեղի ու ժամանակի սահմանափակումներից` այն այսօրվա ընկալումներով մատչելի դարձնելու համար: Այս եղավ իմ աշխատանքը:
ԵՍ_ Պաղտասարը քո Ռուբիկոնն էր, որ պատվով անցար: Դու փորփրել էիր Պաղտասարի հոգին, տրամադրությունը, խեղճացել էիր նրա հետ, պաղտասարավարի լաց եղել, մարդկային հարաբերություններին քո տարակուսանքը հայտնել Պաղտասարի պարզ, զուլալ, մաքուր աչքերի զարմանքով... Եվ համարձակվեցիր բեմ հանել արդեն քո՛ Պաղտասարին: Ու դահլիճը թնդաց ծափահարություններից: Դա քո մեծ, շա՛տ մեծ հաղթանակն էր: 
Այդ ի՞նչ սեր էր, այդ ի՞նչ կապվածություն էր թատրոնի հետ, որ բազում ֆիլմերի դերասանդ, որ համընդհանուր ճանաչումի հասար հենց ա՛յդ ֆիլմերով, դարձյալ գերադասեցիր բեմը, թատրոնը:
ՆԱ_ Թատրոնի մի դերը չեմ փոխի կինոյի հազար դերի հետ. թատրոնը աղոթքի տեղ է, ծես է, ամենօրյա սխրանք, սրբություն է, թև է, թռիչք է: Թատրոնը քուրմերի իսկական տաճար է, որտեղ ծես է կատարվում, արարողություն է կատարվում, Աստծո հետ, տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում:
ԵՍ_ Ո՜նց էիր երազում ունենալ կատարյալ այն դերը, որից մի մաս, մի գիծ, մի հատկանիշ ունեիր քո ամեն հերոսի մեջ: Ո՜նց էիր ուզում այդ բոլոր կերպարների բոլոր գծերն ամբողջացնել այն մեկի, քո այն երազայի՛ն կերպարի մեջ: Ուրեմն՝ ո՞րն էր այն երազայինը:
ՆԱ_ Օթելլո, ոչ նման իմ տեսած բոլոր մավրերին, նա կլինի վայրենի և մաքու՜ր, մաքու՜ր, անաղա՜րտ, և շատ մենակ: Նա կլինի զոհը քաղաքակրթության: 
ԵՍ_ ...Երկրային կյանքին քո հրաժեշտից հետո էլ ամենօրյա է մեր կապվածությունը քեզ հետ` մենք հաճությամբ վայելում ենք քո լեցուն ներկայությունը: Քո ծիծաղի մեջ մեր ուրախությունն է, քո տխուր աչքերի մեջ` մեր թախիծը, մենք քեզանով թեթևացնում ենք մեր ապրումները, քո մարմնավորած կերպարների մեջ տեսնում մեզ ու ինքներս մեզ ավելի լավ ճանաչում: Աշխարհը քեզ ճանաչեց ու սիրեց ու քեզանով մեզ ճանաչեց ու երանի է տալիս մեզ, որ այդպիսի արտիստ ունենք: 
Բոլորս կարծում էինք, թե դու աշխարհիս ամենաերջանիկ մարդն ես` կոլեկտիվ թե անհատական ամեն հանդիպում քեզ հետ վերածվում էր տոնի: Եթե ծիծաղ էր, տեղը տեղին հումոր էր ու սրամիտ պատմություն, եթե լուրջ ասելիք էր` իմաստուն դատողությունների անսպառ հորդացում էր, որ խրատական էր, մտապահելի ու սերտելի: Այդ հանդիպումներում ցանկացած դահլիճի պատերը նեղ էին թվում մարդկանց, ովքեր իրենց սիրելի արտիստի լեցուն ու տարածուն ներկայության բերկրանքն էին ապրում: Այդպես էր. հարյուրավոր կինոնկարների ուրախ ու տխուր դերասանդ համայն ճանաչումի տեր էիր ու միշտ պահանջված Արտիստ, պահանջված զրուցակից, պահանջված ընկեր: 

Հ.Գ. Մհեր Մկրտչյանի արվեստի երկրպագուներից յուրաքանչյուրն իր մեջ ունի այս ներքին երկխոսությունը, որ նաև իր մտորումն է, թե ինչ
վիթխարի անհատականություն էր Արտիստը, ում կենդանության տարիներին, թող թույլ տրվի ասել, այնքան էլ սրտալի չեղանք նրա հանդեպ, այնինչ նրան պետք էր պահել այնպես. ինչպես սերն ենք պահում մեր սրտում, և այնժամ, գուցե թե ընդամենը 63 տարեկանում երկրային ճանապարհ ելած սիրելի Ֆրունզիկը շատ ավելի երկար վայելեր այս արևի լույսը, և մենք՝ նրա լեցուն ներկայությունը:

grakan-tert-logoՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ
«Գրական թերթ»
16 հուլիսի, 2015թ.

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ «ՊԱՀԱՆՋՈՎ» («Ինչպես Պաղտասար աղբարն ազատվեցավ Անույշեն» պիեսի ստեղծման պատմությունը)

Մհեր Մկրտչյան
Մշակույթի նախարարությունում աշխատելու տարիներին երբեմն գնում էի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կուլիսներ, տեսնելու, թե նշանավոր դերասաններն ինչպես են իրենց տեսարաններն ավարտելուց հետո բեմից դուրս գալիս: Նայում էի և գրեթե միշտ շատ զարմանալի ու անսպասելի վիճակների էի հանդիպում: Դերասաններից մի քանիսը բեմից դուրս գալուց հետո անմիջապես «սառչում» էին, զբաղվում իրենց առօրյա հոգսերով և հանգիստ սպասում հաջորդ մուտքին: Որոշ դերասաններ մի քանի վայրկյան անշարժ կանգնում էին, որ սթափվեն, հետո մտածեն, թե ինչ են անելու: Կային այնպիսիները, որ բեմում աղմկալի տեսարան խաղալուց և արագ դուրս նետվելուց հետո, կուլիսներում հանգիստ կանգնում էին, ժպտալով իրենց շուրջը նայում և քթի տակ մեղմ երգելով՝ գնում իրենց բանին: Երբ մոտենում էր նորից բեմ մտնելու պահը, արագ գալիս էին կուլիսներ, մի ակնթարթում դառնում պիեսի կերպարը և անհամբեր սպասում: Հոգեբանորեն, արտաքինով, առոգանությամբ, հայացքով և նույնիսկ շնչառությամբ նրանց մի ակնթարթում վերափոխվելու այդ բարձրարվեստ կարողությունը, որը հանդիսատեսը երբեք չի կարող տեսնել, ինձ միշտ հիացնում էր:
Բայց այն, ինչ անում էր Մհեր Մկրտչյանը Պաղտասարի դերում, երբ բեմից դուրս էր գալիս կամ բեմ մտնում, անհավատալի էր:
1974 թվականի մի օր դարձյալ թատրոնի կուլիսներում էի: «Պաղտասար աղբար» ներկայացումն էր, և Մհեր Մկրտչյան-Պաղտասարն իր սարսափելի կնոջ՝ Անույշի հետ կռվի տեսարանն էր խաղում: Մհերը վրդովված էր, հուսահատ, Անույշը՝ ուրախ, հանգիստ, իսկ դահլիճում փոթորկալի ծիծաղ էր:
Կնոջ հետ կռվից հետո Մհեր-Պաղտասարը խուճապով ու քրտնած բեմից դուրս եկավ, շփոթված փնչացրեց, նայեց կուլիսներում կանգնածներին և ոչ մեկին չդիմելով, կիսաձայն ու հուսահատ ասաց.
– Այս անհավատարիմ կնիկեն ես չպիտի՞ ազատվիմ…
Հետո գնաց հեռու, նորից վերադարձավ, նայեց բեմ և, հավանաբար Անույշին տեսնելով նորից ձեռքերը հուսահատ վեր բարձրացրեց, թափահարեց ու նորից հեռացավ, որ էլի մի քանի անգամ գա ու գնա, մինչև նորից բեմ մտնի:
Դահլիճից մի քանի անգամ ներկայացումը նայել էի, բայց կուլիսներից՝ դեռ ոչ, և այդ օրը Մհերի բուռն ապրումները նաև կուլիսներում տեսնելուց հետո զարմացած կանգնել էի:
Մհեր Մկրտչյան-Պաղտասարի մեկ-երկու ելումուտ տեսնելուց հետո թատրոնից դուրս եկա և գնացի տուն, մտածելով, որ Մհեր Մկրտչյանը մինչև թատրոն գալն ինչ-որ բանից դժգոհ է եղել, հուզվել է, այժմ էլ դերի հոգեվիճակից ավելի վրդովվելով չի կարողանում կուլիսներում մեկ-երկու րոպե «սառչել», հանգստանալ:
Հաջորդ ներկայացմանը դարձյալ կուլիսներում էի և ավելի երկար մնացի: Այդ օրն էլ մի քանի անգամ տեսա բեմից դուրս եկող ու բեմ մտնող Մհեր Մկրտչյանին, միայն թե, նախորդ ներկայացմանը կուլիսներ դուրս գալուց հետո արտասանած խոսքին, այդ օրը երկու բառ էր ավելացրել, չնայած, հնարավոր է, որ այդ բառերը նախորդ ներկայացման օրն էլ ասել էր, իսկ ես չէի լսել: Այդ օրը նա ասաց.
– Տեր Աստված, այս անհավատարիմ կնիկեն ես չպիտի՞ ազատվիմ…
Եվ էլի գնաց բեմի խորքը. նույն հուսահատ շարժումներն էին, նույն ծանր փնչոցը, ճակատին փայլող քրտինքի նույն կաթիլները, և, իհարկե, նույն սարսափահար աչքերը:
Ուրեմն՝ նախորդ ներկայացման օրը, Մհերին դրսում ոչինչ էլ չէր պատահել, և Մհեր Մկրտչյան-դերասանը, ինչպես միշտ, եղել էր իր տարերքի մեջ:
Իսկ դահլիճում դարձյալ ծիծաղը չէր լռում:
Երբ Մհեր-Պաղտասարը հուզված եկավ, կանգնեց կուլիսներում, որ ժամանակին բեմ մտնի, հանկարծ տեսավ ինձ ու «Պաղտասարի» վրդովմունքով ասաց՝ «Մտածե, էլի» ու թափով ներս գնաց: Ես միայն ժպտալով նայեցի նրա հետևից ու քիչ անց թատրոնից դուրս եկա:
Ճանապարհին հանկարծ հիշեցի Մհերի ասած «Մտածե, էլի»-ն ու կանգ առա: Ես ծանոթ էի Մհերի կարճ՝ 4-րդ կամ 5-րդ նախադասություններով խոսելուն և սկսեցի մտածել ասածի մասին: Մտածեցի, բայց այն, ինչ կարողացա հասկանալ նրա ասածից, այնքան զարմանալի ու անհավանական թվաց ինձ, որ ծիծաղեցի և փորձեցի մոռանալ:
Մի տարի անց նրան հանդիպեցի թատրոնի միջանցքում: Դեռ չմոտեցած, ասաց. «Ես լուրջ էի ասում, մտածիր»: Իսկույն հասկացա, որ ճիշտ եմ ընկալել նրա միտքը: Երկու տարի անց էլ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի մուտքի մոտ նորից հանդիպեցի: Արդեն մի քիչ նեղացած ասաց՝ «Բայց ինչի՞ չի կարելի, թող Պաղտասարի ուզածով պիես էլ լինի» ու անցավ:
Ես համաձայն էի նրա հետ: Իրոք, ինչո՞ւ չի կարելի, ասողն էլ սովորական մեկը չէ, որի ասածը կարելի է ականջի հետևը գցել: Նշանավոր արտիստն ուզում է ուրիշ Պաղտասար էլ խաղալ, ինչո՞ւ չխաղա: Ինչո՞ւ Պաղտասարը հետագայում, հանգամանքների բերումով, չէր կարող վերափոխվել և ազատվել Անույշից: Իհարկե, կարող էր: Երբ միտքս ավարտեցի, իսկույն հասկացա, որ թեկուզ մտքիս մեջ, բայց արդեն Մհերին` այդ շատ սիրելի, շատ նշանավոր դերասանին ու բարի մարդուն խոստացա, որ նրա «հանձնարարությունը» կկատարեմ:
Կամաց-կամաց աշխատանքը սկսեցի: Չէի շտապում, Մհերին էլ հանդիպելիս ոչինչ չէի ասում, միայն ժպտալով նայում էի, գլխով «այո» ասում, նա էլ վստահ, որ իր ուզածը լինելու է, բութ մատը վեր էր բարձրացնում, իբր՝ «ամեն ինչ լավ է լինելու, շարունակիր», և ժպտալով անցնում էր:
Սակայն կատարվեց անսպասելին՝ մահացավ Մհեր Մկրտչյանը: Ինչպես բոլորը, ես էլ կարծում էի, որ նշանավոր մարդիկ հավերժական են, շտապելու կարիքը չկա և մի օր կավարտեմ այն՝ ինչը խոստացել եմ…
Կատարվածից հուսահատ՝ աշխատանքը դադարեցրի:
Էլի տարիներ անցան և, վերջապես, կուլիսներում կանգնած 1974 թվականի անմոռանալի այն երեկոյից 30 տարի անց՝ 2004 թվականին ավարտեցի պիեսը և Պաղտասարին ազատեցի Անույշից: Պիեսը դարակում մնաց տասը տարի:
Այս տարի՝ 2015-ին լրանում է Մհեր Մկրտչյանի ծննդյան 85-ամյակը: Այդ նշանավոր տարելիցի առիթով որոշեցի նրա հիշատակին նվիրել ոչ թե այս պիեսը, այլ՝ տպագրության պատրաստ իմ «Թակարդներ երիտասարդ զույգի համար» կատակերգությունների ժողովածուն, որտեղ ավելացրի այս պիեսը ևս: Հուսով եմ, որ գիրքը կտպագրվի այս տարի:

grakan-tert-logoԳևորգ ՍԱՐԳՍՅԱՆ
HTTP://WWW.GRAKANTERT.AM/%D5%B4%D5%B0%D5%A5%D6%80-%D5%B4%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D5%BE-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%BA%D5%A1