«Մհեր Մկրտչյանը… ընդդեմ Ֆրունզիկի»
Որքան արագ էին ԽՍՀՄ փլուզումից հետո նվազում հայ անվանի մտավորականների շարքերը. Լուսինե Զաքարյան, Համո Սահյան, Ժան Կարվարենց… Հեռանում էին անժամանակ։ Հանկարծակի։ Ասես՝ նախնական պայմանավորվածությամբ։
Հերթական թարմ վերքը Մհեր Մկրտչյանի ծանր կորուստն էր։ Անտանելի, անասելի, աներեւակայելի ցավ էր համայն հայության համար, որ նույն ժամանակահատվածում արդեն իսկ բազում դժվարությունների միջով էր անցնում։ Հոծ բազմություն էր փողոց դուրս եկել վերջին հրաժեշտը Վարպետին տալու ցանկությամբ։ Մեկին, ով իր խաղացած կերպարների շնորհիվ եւ ապրած կյանքով հոգեհարազատ ու սիրելի էր շատ մարդկանց համար ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Բեմի վրա թե փողոցում՝ ձգողական ուժ ուներ, միանգամայն անմիջական էր, խոսքի մեջ՝ համոզիչ, միտքը փոխանցելու պահին՝ անզուգական, հիմնական ասելիքը օրինակներով լրացնելու ընթացքում՝ անսպասելի։ Շատ բան ուներ։ Մեկն էր պակասում միայն…
- Ժամանակ չունեմ,- խոստովանել էր մեր հանդիպման ընթացքում։- Ասելիքները գուցե չափից ավելի են։ Բայց ե՞րբ կստացվի թեկուզ մասամբ կիսվել բոլորիս հուզող հարցերով, որոնց պատասխանները ինձնից եք ակնկալում լսել։ Շիտակ թե ասելու լինեմ՝ չգիտեմ։
Ժամանակը նրա համար նախ արվեստի հետ կապող ստեղծագործական միջոցն էր, եւ անտեսել այդ հանգամանքը (առավելեւս՝ ըստ հարկի չօգտագործել) այս պարագայում պարզապես անհնար էր։ Իսկ նա, արձանագրենք, ոչ էլ պատրաստվում էր չգրած կանոնը խախտել։ Մենք դերասանի առաքելության մասին էինք ուզում իր կարծիքն իմանալ։
- Թատրոնում լինի թե կինոյում՝ դերասանի համար, բացի հայտնի ճշմարտություններից, շատ կարեւոր է նաեւ, իմ անձնական կարծիքով, որ նա որքան ուրիշ՝ տարբեր կերպարներում, միեւնույն պահին երբեք չդադարի ինքն՝ ինքը լինելուց։ Նա ապրում է մի ուրիշ կյանք, որտեղ, այնուամենայնիվ, մեծ նշանակություն է ստանում, թե ո՞ր չափով է ի վիճակի ցուցադրել իր բնական էությունը եւս, ինչու չէ, նաեւ՝ հնարամտությունը, սեփական ընկալումը։ Այդ տեսակետից, ուրեմն, բոլորովին պարտադիր չէ, որ դերասանին մի սցենար բերեն, նա ծանոթանա ու սկսի կատարել ճիշտ այնպես, ինչպես որ գրված է…
Մեծ իմպրովիզատորն էր խոսում այդժամ։
- «Մենք ենք՝ մեր սարերը»-ում, եթե հիշում եք, այսպիսի մի դրվագ կա. գողացած ոչխարների գործը վարող քննիչը փորձում է բացատրել օրենքի առջեւ մեր պատասխանատվության չափը։ Մինչ խոսում է՝ ես ներսում արդեն իմ պատասխանն ունեի։ Շատ կարճ. բարձրացնում ու թափ եմ տալիս մասը՝ մի «հե՛յ, հե՛յ» ավելացնելով։
Անգերազանցելի ստեղծագործական մոտեցումներով՝ ճիշտ տեղին ու դիպուկ էին իր մոտ ստացվում նաեւ հանկարծաստեղծությունների պահերը։ Սովորել, հիանում եւ պաշտում էինք։ Նա էր մեր հանճարեղ արվեստագետը։ Այն աստիճան ազդեցիկ, որ հայտնվելուն պես՝ որտեղ էլ պատահեր, մթնոլորտը փոխվում էր հանկարծ՝ անսովոր աշխուժություն առաջացնելով։
Մեր բարեկամը, մեր հարազատը, մեզանից մեկը։ Մեծ թե փոքր դերերով՝ վառ, ցնցող ու հիշվող էին նրա ստեղծած հերոսները։ Միլիոնավոր մարդկանց լսարանի համար՝ իսկապես անփոխարինելի եւ իրոք անհերքելի հեղինակություն։
-Ի դեպ, ես մի քիչ կասկածանքով եմ վերաբերվում «հեղինակավոր» հասկացողությանը,- նկատել էր ժպտալով։- Հասկանո՞ւմ ես, հեղինակավոր՝ մանավանդ այսօր, ուզած մեկը կդառնա։ Մարդիկ անընդհատ գոռոզանալու կամ դրա պես ինչ-որ բաների հնարավորություններ են փնտրում ու գալիս, ասենք թե, «Տարվա մարդ» կոչված արհեստական մի տիտղոս են հորինում։ Օրերից մի օր էլ հայտնվում ու հայտարարում են քեզ, թե. «Գիտե՞ս, դու տարվա մարդ ես»։ Ավելի մեծ անհեթեթություն հնարավոր չէ պատկերացնել։ Որովհետեւ, դա ի՞նչ կոչում է։ Մի երկու օր թերթերում գրում են քո մասին, ցուցադրում հեռուստատեսությամբ, որպեսզի կարճ ժամանակ անց առհասարակ մոռանան։ Որպես հնացած նյութ։ «Տարվա մարդը»՝ հնացած նյութ։ Ամեն մեկն ավելի լավ չէ՞ իր գործով զբաղվի եւ եթե հաջողեց՝ դա էլ կլինի ամենակարեւոր իր պարգեւն ու հեղինակության ճանաչումը։
Մհեր Մկրտչյանի ներկայությունը մենք լոկ հանդիսատեսի աչքերով չենք դիտել ու գնահատել։ Նա չափազանց թանկ անհատականություն էր բոլորիս համար, որպեսզի նման վերաբերմունքի արժանանար։ Այդ անսահման լայն ճանաչումն ու նվիրականությունը, ինչպես գիտենք, բազում անսպասելի պատմությունների հայտնման պատճառների էին վերածվել։
- Մի անգամ,- ասաց մեզ՝ հերթական զավեշտալի դեպքի մասին կիսվելով,- թատրոն էի շտապում։ Ուշանում էի եւ, ինչպես հաճախ է նման իրավիճակներում պատահում՝ տաքսի չկար։ Լարված կանգնած եմ կանգառում եւ, ի վերջո, փորձերս հաջողությամբ պսակվեցին. մի այսպես կոչված «գռդոն» պատահեց։ Վարորդը, ինչպես քիչ հետո պարզվեց՝ եզդի էր, որ միանգամից ճանաչեց ինձ, ուրախացավ եւ ամբողջ երթեւեկության ընթացքում չդադարեց գովասանքի խոսքեր արտասանել։ Այո, բայց այդ պաշարն էլ, վերջ ի վերջո, ավարտ ունի եւ, մտածելով, թե ասածի վրա էլ ի՞նչ ավելացնի, լռեց մի պահ, ուշադիր իմ կողմը նայեց ու թե. «Դու շա՛տ լավ սիրտ ունես։ Ախր, դու իսկակա՛ն եզդու սիրտ ունես»։ Ինչպես տեսնում ես, ամեն մեկն այս աշխարհում իր ազգով է կյանքի լավն ու վատը չափում։
Անգամ երբ լուրջ հարցեր էին քննարկվում, մեր զրուցակիցը տիրապետում էր խոսքն ըստ հանգամանքի հումորով համեմելու արվեստին եւ, սովորության համաձայն, դա այնքան ինքնըստինքյան էր ստացվում, այնպես անմիջական։ Հիշարժան պահերի շարքերից էին այդ կենդանի շփումները։ Ազգային դեմք ասենք թե ժողովրդական՝ երկու դեպքում էլ ճիշտ ենք։ Երկու դեպքում էլ՝ մերն է ու համայն մարդկությանը։
Այդքանով հանդերձ, որքան շատ էր իր առանց այն էլ մեծ համբավը տարածվում՝ նույնչափ մոտ ու առավել հարազատ էր գտնվում միշտ մեզ։ Պատճառներից մեկն էլ, թերեւս, ճիշտ դա է, որ բացարձակապես հեշտ չէ միանշանակ գրել դերասանի անցած հարուստ ճանապարհի եւ միանգամայն բարդ խառնվածքի մասին։ Առավելեւս անիմաստ է պաշտոնականացնել նրա անձի հետ կապված նյութը։ Երբեմն զարմանալիորեն շոշափելի է նրա ներկայությունը՝ ուր էլ շրջվես։ Երբեմն թվում է՝ ինքն էլ իր խաղացած հերոսներից մեկն է։
-Պետք չէ որեւէ բանից վախենալ,- նկատել էր, երբ 1991-ի վերջերից հետո ստեղծված ծանր կացությանը անդրադարձանք։- Այս ամենը ժամանակավոր է։ Մենք, երեւի, սրանից ավելի վատ տեսարաններ ենք ունեցել, բայց այդքան չենք ընկճվել։ Շատ դժվարությունների հետ ենք առնչվում, այո, բայց կրկնում եմ, որ հաղթահարելի են դրանք։ Իսկ այդ ամբողջի մեջ մշակույթն է ամենակարեւորը։ Գործել է պետք։ Ես, ի միջի այլոց, դժգոհ եմ այս ընթացքում իմ աշխատանքից։
-Ի՞նչն է անհանգստացնում Ձեզ այժմ։
- Ուշադրությունս հիմա ամբողջությամբ դերասանի նորաստեղծ իմ թատրոնի գործունեության հնարավորությունների խնդրի վրա է կենտրոնացած։ Հանգիստ շունչ կքաշեմ երեւի այն ժամանակ, երբ առաջին ներկայացումը իրականություն դառնա…
Թե բացակայեր անբավարարության զգացողությունը՝ չէինք ունենա գուցե Մհեր Մկրտչյանին, որին իմացել ենք։ Չէինք ունենա արցունքների միջից ժպտացող (որքա՛ն զգացմունքներ էր փոխանցում միշտ նրա աչքերի ու դեմքի վրա հայտնվող հրաշալի այդ ժպիտը, այդպես չէ՞) մեծն Արտիստին, ում պատվին երբեք չեն դադարի ձոնել հրաշալի եւ հիացական տողեր։ Դժգոհության զգացողությունն էր երեւի վճռորոշ դերակատարություն կատարել, որ մի շրջանում, երբ Հայաստանը դեռեւս շրջափակման եւ պատերազմական վիճակում էր, նա նույնիսկ առուփախի այդ չափազանց օրհասական ժամանակահատվածում ուժ գտավ իր մեջ իրականացնելու անկարելին՝ մեր հանդիպումից ընդամենը մի քանի ամիս անց առաջին ներկայացումը տալ իր նորաստեղծ թատրոնում։ Կռահում էր, կարծում եմ, որ այդքանն էր միայն ֆիզիկապես հասցնելու՝ շարունակությունն այլոց հանձնելով։
Հսկա տաղանդը մտքի, թռիչքի, գործունեության ազատություն էր պահանջում, չհանդուրժելով, որ այն ինչ-որ շրջանակի մեջ մտցնեն։ Մեր համար այդ իմաստով պահանջված էր առանձին զրույց ամեն ինչի շուրջ՝ հարցեր, որոնք արժեքներին կվերաբերվեն, իսկ պատասխանները արդիական կլինեն, վստահաբար, բոլոր ժամանակներում։ Ազգ, մարդկություն, արվեստ, գրականություն, առհասարակ՝ մշակույթ… Կարճ ասած. թեմաներ, որոնք չէին մտնի հնացած նյութերի շարք։
-Դա, իհարկե, շատ լավ գաղափար է,- անմիջապես արձագանքեց նա, ում անունն առաջին տասնյակում էր մեր ցուցակում։- Բայց նման բանի համար նախապատրաստվել է պետք։ Ասեմ նաեւ, որ ես կցանկանայի մի քիչ տարբեր սցենար։ Օրինակ՝ «Մհեր Մկրտչյանն ընդդեմ Ֆրունզիկի»։ Կամ նման ուրիշ վերնագիր. զրույց, երկխոսություն…
Եթե չեմ սխալվում, վերջին մտահղացումը իրականացել էր։ Սակայն ափսոսանքով եմ արձանագրում, որ մեր նախատեսված ձայնագրությունը միայն իբրեւ ծրագիր մնաց։ Նախորդ հանդիպումներից հետո վերջինն արդեն… Հանքավանում կայացավ։ Նա բուժման կուրս էր անցնում առողջարանում։ Պատկերն այնքան ստույգ էր եւ տպավորիչ այդ իսկապես գեղեցիկ օրվա ֆոնի վրա՝ արեւի ճառագայթներով ողողված առավոտ, պարզ երկինք, մաքուր օդ, վեհ բնություն… Նա դանդաղ իջնում էր աստիճաններով՝ փոքր-ինչ գունատված, բավականին նիհարած։ Սակայն, ոչ ընկճված։ Վատառողջ էր։ Առաջվա պես՝ շրջապատված մարդկանցով, որոնցով հետաքրքրվել է, որոնց միշտ մեծ տեղ է տվել ու գնահատել է։
Ի դեպ, հուլիսի 4-ը մեծ դերասանի ծննդյան օրն է:
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ
Հուլիսի 1, 2022 Մշակույթ
https://hhpress.am/culture/2022/12292/?fbclid=IwAR2Q6fFdU9ds4lsU7RLMcXu6C21rjW2edFVkMCDTlgKBEbc6TN06IopWWJ0
https://hhpress.am/culture/2022/12292/?fbclid=IwAR2Q6fFdU9ds4lsU7RLMcXu6C21rjW2edFVkMCDTlgKBEbc6TN06IopWWJ0