ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ. «Վշտի վերջը պետք է ուրախ լինի. դա թեթեվացնում է ծանր բեռը»

Ֆրունզիկ Մկրտչյան…«Մեր անզուգական ռեժիսոր Վարդան Աճեմյանն ասում էր. «Մհերը նոր դերին մոտենում է այնպես, ինչպես կատուն կմոտենա տաք կաթով լի ամանին: Շուրջը պտտվում է, թուքը կուլ տալիս, բայց չի մոտենում, մինչև չսառչի»:
Դերը տաք-տաք խաղալ՝ նշանակում է սաստիկ շտապել:
Ինձ համար առաջին և ամենագլխավոր հարցն է՝ ինչո՞ւ, ինչո՞ւ հերոսը վարվում է այսպես և ոչ թե այնպես:
Ինչո՞ւ է նա արտասանում այս մենախոսությունը և ոչ թե մի այլ:
Չէ՞ որ պատահական չէր, որ Բալկոնսկին Նատաշայի ձայնը լսեց լուսնյակ գիշերը և պատահաբար չէր կաղում Ռիչարդ Երրորդը»:
…«Արվեստը մեծ մասամբ անցյալի վերաիմաստավորում է, ապագային նայելու, ներկայի բուն արժեքը, առաջընթացի վերափոխության դիալեկտիկան ըմբռնելու փորձ:
ՄԱՐԴԸ ՈՒԺ Է ՍՏԱՆՈՒՄ ԱՆՑՅԱԼԻՑ, ԱՊՐՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԻ ԿՈՆԿՐԵՏ ՀՈԳՍԵՐՈՎ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՀՈՒՅՍԵՐՈՎ:
Այս եռամիասնության ոչ մի օղակը չպետք է դուրս մնա արվեստագետի տեսադաշտից»:
…«Ես կինոյի ու թատրոնի ասպարեզ ոտք դրի որպես կատակերգակ դերասան: Եվ դա իր գործն արեց:
Հիմա ես այնքան էլ հաճույքով չեմ դիտում ինքս ինձ իմ առաջին՝ «01-99» և «Տերն ու ծառան» ֆիլմերում:
ՄԱՐԴԿԱՆՑ ԾԻԾԱՂԵՑՆԵԼ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ:
Տխրության մեջ ծիծաղելին տեսնելը, դրանով իսկ
ՔԵԶ ՆՄԱՆ ՄԻ ՈՒՐԻՇ ՄԱՐԴՈՒ ՎԻՇՏԸ ՓԱՐԱՏԵԼԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ
ԱՐՎԵՍՏ Է, ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
Գոգոլյան «ծիծաղ արցունքի միջից» ձևակերպումը, իմ կարծիքով, ենթադրում է թե՛ մարդկային բնությանն անհարիր չարիքի սարկաստիկ ձաղկում, թե՛ ուրախ հուղարկավորություն:
Սահմանափակ, մեկընդմիշտ նախասահմանված ամպլուան, իմ կարծիքով, դրական երևույթ չէ:
Միատարր դերերը միակողմանի վարպետության, նեղ դիապազոնի արդյունք են:
Ո՞վ է Սմոկտունովսկին. կատակերգա՞կ, թե՞ ողբերգակ:
Տաղանդը բազմակողմանի է իր արտահայտման մեջ, և ռեժիսորական ամեն մի պատնեշ մահացու է իսկական տաղանդի համար:
Լոուրենս Օլիվյեն փայլուն Օթելլո է, բայց ես նրան տեսել եմ տիկնիկի դերում:
Եվ, վերջապես, եթե փոքր-ինչ համարձակ արտահայտվելու լինենք, ապա մեծից մինչև ծիծաղելին ընդամենը մի միլիմետր է, և հաճախ նրանց միջև եղած սահմանազատիչ գիծը աչքի համար աննկատելի է: Դրանք օրգանապես միաձույլ են:
ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՏԽՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՒՐԱԽ ՏՈՆՈՎ:
ՎՇՏԻ ՎԵՐՋԸ ՊԵՏՔ Է ՈՒՐԱԽ ԼԻՆԻ, ԴԱ ԹԵԹԵՎԱՑՆՈՒՄ Է ԾԱՆՐ ԲԵՌԸ:
ՄԻԱՅՆ ԱՅԴՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՕԳՆԵԼ ԱՆՑՎՈՐԻՆ»:

garun-logo «Գրական թերթ»  
(30.041982)

Печать