Մկրտչյանի ժողովրդականության բանալին

Ծննդյան 70-ամյակի առիթով

Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թ. հուլիսի 4-ին: Մեծ արտիստի ծննդյան 7Օ֊ամյակն այդ օրը կամ այդ օրերին պետք է նշվեր: Սակայն հետաձգվեց մինչեւ նոյեմբեր: Բայց հիմա էլ հետաձգվում է մինչեւ 2001 թ. գարուն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն 3 մլն դրամ է հարկավոր մեծ արտիստի հոբելյանը նշելու համար: Եթե ուրիշ կերպ հնարավոր չէ ճարել գումարը կամ հարցը միայն ֆինանսներին է վերաբերվում՝ գուցե ազգովին հավա­քենք այդ 3 մլն դրամը...
Ամեն դեպքում ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ ԱԱ ակադեմիկոս ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ վերլուծությունը:

 Մհեր ՄկրտչյանՄհեր Մկրտչյանը գովքի ու գովեստների կարիք չունի: Կեն­դանության օրոք էլ չուներ:
Մենք ունեցել ենք համազգային սեր ու համբավ վայելող նշանավոր կատակերգակներ՝ Համբարձում Խաչանյան, Ավետ Ավետիսյան, Լեվոն Զոհրաբյան, Գուրգեն Գաբրիելյան, Թաթիկ Սարյան... Ես նրանց վարպետ խաղն էլ տեսել եմ, վայե­լած մեծ համբավն էլ, բայց չեմ կարող ասել, թե իրենց ժողովրդականությամբ նրանք հասնում էին Մհեր Մկրտչյանին: Մհերինն ուրիշ էր՜ բուռն համակրանք ու հիացում ամենուրեք, ամեն տեղ, փողոցում՝ ամեն քայլափոխի...
Ասել, թե Մհերն իր վարպետությամբ գերազանցում էր իր մեծ նա­խորդներին արդար չի լինի: Տաղանդով էլ, վարպետությամբ էլ նրանք առաջնակարգ դերասաններ էին:
Ո՞րն էր, ուրեմն, Մհեր Մկրտչյանի անօրինակ ժողովրդականության գաղտնիքը, այղ գաղտնիքը բացելու բանալին:
Մհերը (ինչպե՜ս ես չէի սիրում նրա Ֆրունզե անունը, - ռուս զորավարի ազգանունը հայ մարդու անուն, - այն էլ բավական տարածված Ֆրունզիկ, Ֆրունզ) շատ, չափազանց շատ է գովաբանվել, բայց երեւի թե փորձ չի արվել պարզելու, պարզաբանելու նրա տաղանդի ու ստեղծագործու­թյան գլխավոր հատկանիշը, բնույ­թը, էությունը:
Այս փոքրիկ հոդվածը, որ գրում եմ իր ծննդյան 70-ամյակի առիթով, նման մի փորձ է ընդամենը: Ոչ ավելին. Նրա մեծ տաղանդի ու վաս­տակի հանդեպ իմ ընկերական եւ մասնագիտական պարտքը կատարե­լու մի ուշացած փորձ:
Ափսոս, շատ ափսոս, որ իր մա­հից հետո: Ի՜նչ տխուր բառ է՝ «հետ­մահու»:
Հիմա մի քիչ էլ ուրախ բան ասեմ: Մի անգամ Մհերն ինձ մի բան պատ­մեց շատ զվարճալի (նա լավ պատ­մող էր): Ամերիկայում մի օր սեղան է նստում մեծատունների հետ: Իմա­նալով, որ նրանցից մեկը միլիոն­ներ ունի. Մհերը դառնում է նրան. «Մի միլիոնը տուր ինձ»: Մարդը կա­տակն ընդունում է ամենայն լրջու­թյամբ: Օրեր անց նույն մարդիկ հայտնվում են սեղանի շուրջը Մհերի հետ (ո՞վ չէր ուզենա նրա սեղանակիցը լինել): Եվ Մհերը նույն մե­ծահարուստից լսում է այս խոսքը. «Ես երկար խորհեցի քո ըսածի վրա եւ տեսա. որ քեզի մեկ միլիոն տալու պատճառ չունիմ»:
Հիմա իմն է՝ ես երկար միտք արի Մհերի անօրինակ ժողովրդականու­թյան բանալին գտնելու համար եւ տեսա, որ գաղտնիքն այն է (եթե միայն դա կարելի է գաղտնիք հա­մարել), որ Մհերն իր ամբողջ դերա­սանական կյանքում անձնավորել է բացառապես ժողովրդի մարդկանց եւ այնպիսի անդիմադրելիորեն վարակիչ տաղանդով, արվեստով եւ վարպետությամբ, որ մատչելի ու սիրելի էին ժողովրդին:
Մտաբերենք Մհերի ամենից հայտ­նի թատերական եւ կինոդերերի մի շարք. Հայրապետ («Նամուս»), Գվիդոն («Սրտի արատ»), Գարսեւան («01-99»), Գասպար («Եռանկյու­նի»), Ղազար («Ղազարը գնում է պատերազմ»), Հովիվ («Մենք ենք, մեր սարերը»), Սիմոն («Տերն ու ծառան»), Պաղտասար աղբար, Ռուբեն («Մեր մանկության տանգոն»). Զինվոր («Զինվորն ու փիղը»), Ռուբիկ («Միմինո»), Ջաբրաիլ («Կովկասի գերուհին»), հացթուխ («Հացթուխի կինը»)...
Ոչ մի մտավորական, գիտության կամ արվեստի ոչ մի մարդ, բոլորն էլ պարզ, հասարակ, բայց խելացի, ժողովրդական իմաստությամբ, հու­մորով օգտված մարդիկ:
Ոմանք սա կարող են վիրավորական համարել Մհերի համար: Ես իսկույնեւեթ կփարատեմ այդ հնարավոր մտայնությունը մի համաշխար­հային մեծության՝ Չարլի Չապլինի հետ առաջարկածս համեմատու­թյամբ. մտաբերենք նրա խաղերը, եւ դերացանկում ոչ մի զարգացած, ակներեւորեն կիրթ կամ հարուստ մարդու կերպար չեք գտնի: Պատահակա՞ն է սա: Բնավ: Մի առիթով Չարլի Չապլինը բերել Է այսպիսի մի օրինակ. տուն են նորոգում, վերեւից ներկ Է թափվում եթե ներկը թափվի մայթով անցնող առոք-փառոք հա­գած հաքուստ կնոջ վրա՝ ծիծաղը կպայթի, իսկ եթե անցորդը խեղճ ու կրակ մի մարդ է ոչ մի ծիծաղ. Գյոթեն զուր չի ասում. «Ոչինչ այնպես չի բնութագրում մարդուն, քան այն, թե նա ինչի վրա է ծիծաղում»:
Ոչ թե վերնախավի, այլ խոնարհ դասի մարդկանց գաղափարա­խոսն ու երգիչն էր Չապլինը: Մհեր Մկրտչյանը նույնպես:
Հանճարեղ կատակերգակը «փոքր մարդու» հանդեպ սեր ու կարեկ­ցանք էր արթնացնում իր մեծ արվես­տի բոլոր միջոցներով, իր բովան­դակ ստեղծագործությամբ: Մեր Մհերը նույնպես:
Մհեր ՄկրտչյանԱյսպես մենք մոտենում ենք Մհեր Մկքտչյանի արվեստի գլխավոր յուրահատկությանը: Ծիծաղը (գեղագիտական տերմինով ասած՝ կատա­կերգակի կատեգորիան) տարատե­սակներ շատ ունի:
Կա մեղադրող, դատապարտող, այսպես ասած սատիրական ծի­ծաղ: Դրա անվիճելի վարպետն էր Ավետ Ավետիսյանը: Նա խաղաց վա­ճառական Զամբախովի դերը (Սունդուկյան «Խաթաբալա») եւ քանդակեց թանձր սատիրական կերպար՝ մեծահարուստ գիշատիչ, որ պատրաստ է կլանել ամեն մեկին, ով ձեռքն Է ընկնում:
Մհեր Մկրտչյանն էլ խաղաց: Եվ ի՞նչ: Եվ այն, որ նրա Զամբախովը ծիծաղաշարժ, բայց բավականաչափ համակրելի մի մարդ էր, ոք ուզում էր լավա­գույնս տնօրինել իր համակրելի, բայց անգեղ աղջկա բախտը թե­կուզ եւ խաբելու գնով, ի՜նչ մի մեծ մեղք է որ: Դրա համար ար­ժե՝ ատել մարդուն:
Ատելության ծիծաղը Մհերինը չէր:
Արհամարհանքի, հեգնանքի ծի­ծաղն էլ նրանը չէր. նա չէր արհա­մարհում նույնիսկ Գվիդոնին («Սրտի արատ») կամ Գարսեւանին («01-99»): Հերոսականի ծիծաղն էլ իրենը չէր («Եզովպոս» եւ«Սիրանո դը Բերժերակ» հերոսական կա­տակերգություններում սա սպաս­ված հաջողությունը չունեցավ): Մհերինը սիրո, կարեկցանքի, բարության ծիծաղն էր: Բայց ոչ հենց այնպես, այլ իբրեւ կենսափիլիսոփայություն, աշխարհայացք, վերաբերմունք կյանքի ու մարդկանց հանդեպ: Մարդիկ պարզ, հասարակ, սովորական մարդիկ, որոնք մեծամասնություն են կազմում բոլոր ժողովրդների մեջ, կարեկցանք ու բարություն են սիրում, ոչ թե արհամարհանք եւ ատելություն, քանի որ կյանքը մարդուն տրվում է բարության, սիրո, կարեկցանքի համար: Ճշմարիտ քրիստոնեական մոռալ:
Մհերն այս ժողովրդական, քրիս­տոնեական կենսափիլիսոփայու­թյան մարմնացումն էր իր մեծ արվեստով եւ անփույթ կյանքով: Ահա սա է, իմ կարծիքով, նրա համաժողովրդական փառքի գաղտնիքն ու բանալին:
Մհերը նաեւ վշտանալ գիտեր («Վշտի ծիծաղ»՝ այս վերնագիրն է կրում Առանծարի պատմվածքներից մեկը): Նրա վիշտն էլ համակող էր, ինչպես ծիծաղը, իրոք որ «ծիծաղ արցունքի միջից»:
Ես հիշում եմ Մհերի փայլուն խաղը Գեւորգ Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» կատակերգության մեջ: Առիթը եկավ մտաբերելու, որ թատերագիր ժորան (Գեւորգը) եւ դերասան Ֆրունզիկը (Մհերը) իրենց տաղանդով եւ ստեղ­ծագործության բնույթով եղբայրներ էին: Հիշում եմ, թե այնքան ծիծաղաշարժ Ղազարը ինչպես էր խոնա­վացնում հանդիսատեսների (նաեւ իմ) աչքերը, երբ վշտի պահին եր­գում էր «Որսկան ախպերը» (Մհերը հիանալի երգիչ էր նաեւ):
Դերասան, որ իր վշտով կարող էր խորապես հուզել դիտողին այն­պես, ինչպես զվարճացնել իր ծիծաղով:
Հենց դա էլ Մհերի համար մատ­չելի դարձրեց թատերագրական այն բարձրագույն ժանրը, որ տրագիկո­մեդիա է կոչվում (հայերեն շատ եր­կար ու ծանր՝ ողբերգակատակեր­գություն): Վշտի եւ ծիծաղի այդ հա­մադրությամբ նրա տաղանդն ամե­նից վառ երեւաց «Պաղտասար աղ­բար» եւ «Հացթուխի կինը» (հեղի­նակ Մարսել Պանյոլ) ներկայա­ցումներում, «Մեր մանկության տանգոն» կինոնկարում: Երեքն էլ մեծ տաղանդի կնիքը կրող, հայ դե­րասանական արվեստի մեջ իրենց կշիռն ունեցող անձնավորումներ: «Հացթուխի կինը» Մհերի վերջին խաղը եւ վերջին մեծ հաղթանակը եղավ:
Բախտավոր դերասանական կյանք ապրեց Մհեր Մկրտչյանն իր արվեստի մեծ հաղթանակով: Նաեւ այն պարագայով, որ աշխատեց այնպիսի հմուտ, իր տաղանդը հասկացող ու գնահատող բեմադրիչների հետ, ինչպիսիք էին Ալեքսանդր Աբարյանը (Լենինականում). Վարդան Աճեմյանը, Հենրիկ Մալյանը, Հրաչյա Ղափլանյանը, Ալբերտ Մկրտչյանը:
Եվ ավելի քան բախտավոր այն համաժողովրդական սիրով, որ իր ուղեկիցը եղավ կյանքի սկզբից մինչեւ վերջ: Խանգարող հանգամանքներ էլ եղան նրա ճանապարհին, իր անփույթ, անխնամ կյանքն ու կենցա­ղը. երկփեղկումը թատրոնի եւ կինո­յի միջեւ, որ խանգարում էր կենտրո­նացման, մղում էր շատ բան անել ոտքի վրա, հենց միայն տաղանդին ապավինելով, երբեմն առանց ռե­ժիսորական հսկողության, որ շատ պետք էր իրեն:
Մի խոսքով՝ հայոց անկարգ կյանք լավով էլ, վատով էլ: Ափսոսալու շատ բան կա Մհեր Մկրտչյանի կյանքում, ափսոսալու իր մեծ տաղանդն էլ, բարի սիրտն էլ, պարզ, ներողամիտ, մատչելի բնավորությունն էլ:
Բայց ավելի, շատ ավելի հպարտանալու բան կա, ամենից ավելի այն, որ նա իր տաղանդով ու վաս­տակով պատվավոր տեղ գրավեց հայ բեմական արվեստի մեծերի, ամենից մեծերի շարքում:

azg-logoԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
«Ազգ»
23.11.2000

Печать