Լուսեղեն մի կյանք
Հանդիսատեսը եկել էր աղոթելու` ամեն ոք սրտում ունենալով իր Ֆրունզի, Մհերի, Մհեր Մկրտչյանի հավատամքը. "Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է…": Բայց սա ուրիշ աղոթք էր, որ երկնքից չէր իջնում, այլ էկրանից` որպես "Լուսավոր մի կյանք"-ի պատմություն, մեղմ շղարշի նման, ուրախ ու թախծոտ ժպիտով:
Իջնում էր յուրաքանչյուրի հոգու բաց նյարդալարին ու հոսանքի նման հաղորդում. "Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը",-ապա Մհերավարի, միայն ի՛ր նման խոհուն ու խորը հորդորում. "Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին…":
Թերևս Մհեր Մկրտչյանի այս խոսքերն էին, որ Հովհաննես Պապիկյան ռեժիսորին մղեցին Մհեր Մկրտչյանի մասին տեսաֆիլմը սկսել նրա արմատների, նրա ծնողների` մշեցի Մուշեղի և վանեցի Սանամի էրգրի պատմություններով, որ պիտի ձգվեր, գլորվեր մինչև Լենինական ու ամեն մի հայիս պարգևեր լուսավոր մի ծնունդ` Մհեր Մկրտչյան:
Էկրանից նայում է մեզ այնքան հարազատ և այնքան առեղծվածներ իր հոգու ծալքերում անթեղած Մհերը: Նրա խաղացած դերերի կադրերը հաջորդում են իրար , հնչում է արտիստի լուսավոր ձայնն ու հրավիրում զրուցելու իր մասին, իր ուրախ ու տխուր օրերի մասին, իր տագնապների մասին.
"Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ "Եզովպոս"-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին ` Չի ՛ստացի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում …Չի կորչում…դա ինձ միշտ փրկել է…":
Թվում է, թե Մհեր Մկրտչյան արտիստի, մարդու մասին խոսելը հեշտ պետք է լինի, հատկապես, եթե հեռուստաէկրանի ալիքները թերթելիս, չես կարող փոխել այն ալքը, որն այդ պահին լուսավորվում է Մհերի ժպիտով, իսկ դու կախարդվածի նման կլանում ես նրա ամեն մի ժեստը, ամեն մի բառը… Այդպես չէ: Մհեր Մկրտչյանի մասին խոսելիս միշտ թվում է, թե ինչ որ բան կիսատ մնաց, ինչ որ բան այնպես չասվեց, ինչ որ բան…սխալ է… Ամենակարևորը չասվեց, մնաց յուրաքանչյուրի սրտի և էկրանից եկող լույսի միջև, թրթռաց ու անթեղվեց թատրոնի պատերի մեջ` աղոթքի նման…աղոթելու պես:
Տաթևիկ Սուքիասյան
http://www.kamartert.am/?include=simplenews&id=356
06 Դեկտեմբերի 2010