ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
1993 թ. օգոստոսյան մի օր Մհեր Մկրտչյանը իր «Արտիստական» թատրոնի աշխատասենյակում երեք ժամից ավելի պատմում էր թատրոնի, աշխարհի ու նաև իր մասին: Այդ անմոռանալի օրվանից մնաց նրա հարցազրույցը «Գարուն» ամսագրի 10-րդ համարում և երկու ձայներիզ՝ Մեծ արտիստի պատմությամբ, որը պահում եմ որպես մասունք... Լրանամ է նրա մահվան 8-րդ տարին և այս երկու փոքրիկ պատմությունները հիշատակի տուրք են Մհեր Մկրտչյանին՝ իմ ճանաչած ամենատխուր և ուրախ Արտիտը:
Ինչպես Մհեր Մկրտչյանը Հայաստանից չգնաց:
Հայաստանից գնա՞լ...
35 տարեկան էի, հյուրախաղերի էի մեկնել Բեյրութ: Տեղի հայերը տարան կաբարե, ուր պորտապար էր պարում Նադի Գամալը: Կաբարե է, Նադին պարում է, չորս կողմն ուրախանում են, իսկ սեղանի շուրջ նստածները խոսում են ու խոսում, թե ինչպես ազատագրեն Մասիսը, Մուշը, Սասունը... Դաշնակցական տղաներ են՝ Դավիթը, Տիգրանը... Խոսեցին, առաջարկեցին, վերջը դարձան ինձ՝ դու ի՞նչ ես մտածում: Ասացի՝ ճիշտը ամեն ինչ թողնել, Հնդկաստան գնալն է. այնտեղ և տաք է, և բանան կա, իսկ թողածներս ի՞նչ է Մասիսը՝ քարերի կույտ, Արարատյան դաշտը՝ մի բուռ հող... Գնանք Հնդկաստան, տարածքներ վերցնենք ու հանգիստ ապրենք: Մեկն ասաց. «Բա էջմիածի՞նը»: Ասի՝ քարերը կհամարակալենք ու կտեղափոխենք: «Բա Գեղա՞րդը»: Ոչինչ, դա կթողնենք, որ մարդիկ իմանան՝ այստեղ հայեր են ապրել: «Բա մեր գերեզմաննե՞րը»: Դա էլ կտեղափոխենք: Բա ունեցած միլիոններն ինչի՞ համար են: Կատակս հասկացան-չհասկացան, խոսակցությունն այլ ընթացք ստացավ: Միայն Դավիթը գլուխը բռնած մտքերի մեջ է: Շուրջս մարդիկ պարում են, Նադիի վրա շամպայն լցնում, հունական հանգով հայերեն «Ջեյրանի պես սարերով» երգում...
Բայց աչքիս տակով հետևում եմ Դավթին՝ տառապում է: Մի ժամ հետո տո չգոռա՜ց. «Բա թո՞ւրքը»: Այսինքն՝ վրեժ ունի, չէ՞, ո՞ւր գնա:
Ես միշտ փնտրել եմ մեր ազգի կենսասիրության, մնայնության առեղծվածը և պատասխանը այդ կաբարեում գտա՝ նրա գոյատևումը թուրքով է պայմանավորված:
Հաջորդ օրը այդ նույն տղաների հետ զբոսնում էինք: Անցանք ամերիկյան դեսպանատան կողքով: Նրանք թե՝ ներս մտիր, ամբողջ աշխարհը կբացվի քո դեմ, քո տաղանդով, քո խաղով միլիոն կվաստակես: Ամբողջ եկամուտը քոնը կլինի, մտի՜ր: Ասացի՝ բա երեկ Մասիսի փրկության մասին էիք խոսում: Ես որ գնամ Հայաստանից, ո՞ր լեռան տակ խաղամ: Վճիռս ճիշտ էր թե սխալ, ո՞վ գիտե...
Ինչպես Մհեր Մկրտչյանը... հեղափոխություն արեց:
Մինչև վերջերս կարծում էի, թե ամենամեծ մասնագիտությունը հեղափոխական լինելն է, ասենք՝ Շահումյանի պես պրոֆեսիոնալ հեղափոխական լինելը... Չէ, լուրջ, չեմ կատակում: Իմիջիայլոց, Հնդկաստանում փորձեցի գոնե մի մարդու հեղափոխել: 12 տարեկան հնդիկ տղային նստեցրի փափուկ նստոցին ու ես՝ փողկապով, կոստյումով (այնտեղ եթե փողկապ ես կապել՝ միլիոնատեր ես) քշեցի նրա ռիկշան. ողջ փողոցը քարացել-մնացել էր, ամեն օր այնտեղ նման բանի ականատես չէին լինում: Իսկ այդ տղան սկզբում ծնկաչոք աղաչում էր, որ նման բան չանեմ: Ճամփան, բնականաբար, չգիտեի, նրան ստիպեցի նստել ռիկշայի մեջ ու ցույց տալ հայկական եկեղեցու ճանապարհը: Սկզբում վախեցած, բայց կամաց-կամաց մտավ նոր դերի մեջ ու շատ շուտով սկսեց հրամայել՝ առա՜ջ, ձախ: Վերադառնալուց հետո հաճախ եմ հիշել այդ փոքրիկ տղային ու մտածել, որ խեղճը երեւի այդ դեպքի մասին պատմում է իր ընկերներին, ու ոչ մեկը նրան չի հավատում, որ միլիոնատերը նրա ռիկշան է քշել: Բայց նրա համար արածս հեղափոխության պես բան էր, չէ՞...
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ
«Գարուն»
№ 10.1993